Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ
նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ
և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական
առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և
արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝
օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։
Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել
համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և Հնդկաստանի ոսկերչական
ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացումը ազգային տաղավարով։
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը
կարևորում է քիմիական և մետալուրգիական արդյունաբերությունը՝ նախարարը հրավիրել է
հնդկական ընկերություններին հայկական կողմի հետ համագործակցել «Կանաչ քիմիա»
նախագծերի շրջանակում:
Երկուստեք կարևորվել է միջազգային և
մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպումը՝ երկու
երկրների գործարար համայնքների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:
Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության
խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի
լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։